Դատախազությունը զուգարանի 1 խոզանակը գնում է մոտ 20000 դրամով․ «Ժողովուրդ»

 Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված մեկ անձից գնումների ձևաչափը, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՀՀ գլխավոր դատախազությունում ևս կիրառելի է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցում մեկ անձից կատարված գնումների միջոցով դրոշներ են գնվել: Մեկ անգամ նրանք 90 հազար դրամ են տվել եռագույն դրոշներ գնելու համար, մյուս դեպքում էլ՝ 190 հազար դրամ: Բացի դրոշներ գնելուց, դատախազությունը տվյալների պահոցի տրամադրման ծառայություններից էլ է օգտվել եւ երկու պայմանագիր կնքել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով: Դրանցից մեկով պայմանագիրը կազմել է 50 մլն դրամ, իսկ մյուս դեպքում 46 մլն դրամ վճարվել է ուղիղ մեկ անձի՝ առանց մրցույթի՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։ 

Բացի այդ, Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը 100 հազար դրամով զինանշան է գնել: Եվս 130 հազար դրամ էլ ծախսվել է վերելակների նորոգման համար՝ «Տիգրան Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջից: Ամենաուշագրավ գնումը, իհարկե, դատախազության զուգարանի թանկարժեք խոզանակներն են: 

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է , որ 237 հազար 600 դրամով դատախազությունը զուգարանի խոզանակներ է գնել, այսինքն՝ մեկ խոզանակը մոտ 20 հազար դրամով:

Քաղաքականություն