
Էրդողանն ամփոփել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ-ից վերադառնալիս, ավանդույթի համաձայն, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ամփոփել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։
«Մենք ավարտել ենք մեր այցը Սոչի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հրավերով։ Մեր հանդիպումներում մանրամասն քննարկել ենք Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, մտքեր փոխանակել ապագայի վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք շարունակել մեր առևտրի ծավալի աճը, որը ներկայում կազմում է 69 միլիարդ դոլար։ Մեր համատեղ ջանքերով նպատակ ունենք հասնել 100 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ համագործակցության լավագույն օրինակ էր Սևծովյան հացահատիկային գործարքը, որը զգալի ներդրում է ունեցել համաշխարհային պարենային ճգնաժամի դեմ պայքարում։ Էրդողանն ասել է, որ գործարքի շուրջ իրավիճակը քննարկելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։
«Այս ամիս մենք ունենք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը: Այնտեղ մենք կրկին հանդիպումներ կունենանք Գուտերեշի հետ, կքննարկենք նաև այդ հարցերը։ Մեր ներդրումների արդյունքում ՄԱԿ-ը պատրաստել է նոր փաթեթ, որը ճանապարհ կհարթի նախաձեռնության աշխուժացման համար: Մոսկվա կատարած այցի ընթացքում մեր արտգործնախարարն իր ռուս գործընկեր Լավրովի հետ քննարկել է առաջարկների այս նոր փաթեթի տեխնիկական կողմը։ Ես պարոն Պուտինի հետ նույնպես մանրամասն քննարկել եմ այդ հարցը։ Նաև հավատում եմ, որ կարճ ժամանակում կհասնենք լավ արդյունքի, որը կարդարացնի սպասելիքները»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ ուկրաինական պատերազմը շուտ կավատվի։
Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է դրանում ներդնել իր ջանքերը։ «Սոչիում մեր հանդիպումների ընթացքում մտքեր ենք փոխանակել նաև Սիրիայում, Հարավային Կովկասում, Լիբիայում և Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ։ Ցանկանում եմ, որ այս շփումներն օգուտ բերեն մեր տարածաշրջանին, հատկապես՝ Թուրքիային ու ՌԴ-ին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանի նախօրեին առաջին այցն էր կատարել ՌԴ։