ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Բուրյաթիայում ապօրինի հանքափորների և իրավապահների միջև փոխհրաձգության կադրերը. կան տուժածներ
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ենթադրաբար երևում է Բուրյաթիայում ոստիկանական ուժերի և նեֆրիտի ապօրինի արդյունահանողների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը: Այս մասին գրում է RTVI–ը:
Տեսակադրերը հրապարակել է Baza թելեգրամյան ալիքը։ Խոսքը, ըստ նախնական տվյալների, Օսպինսկի հանքավայրի տարածքում փոխհրաձգության մասին է, որը տեղի է ունեցել դեռևս հուլիսի 26-ին։ Այդ օրը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, յոթ ոստիկաններ դաշտ են դուրս եկել տեղի ընկերության բողոքներից հետո: Վերջիններիս խոսքով՝ մի քանի տասնյակ տղամարդիկ զբաղվում են թանկարժեք մետաղների ապօրինի արդյունահանմամբ։
Այնտեղ ոստիկանները հանդիպել են 40 հոգանոց խմբի, որից հետո նրանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ Baza-ի՝ երկու ապօրինի հանքափորներ վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 27 մարդ, մնացածներին հաջողվել է փախուստի դիմել։ Նշվում է, որ իրավապահները աշխատանքներ են տանում նրանց գտնելու ուղղությամբ: