ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացը կվաճառվի կտրոններով

Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Այդ մասին հայտնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
 

«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:

 

Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։

 

Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են ստորև։

 

Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։

 

Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի մի քանի դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ 

Քաղաքականություն