Իսրայելը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ից 25 F-35 կործանիչների գնման գործընթացը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ից 25 F-35 կործանիչների գնման գործընթացը, որոնք կկազմեն այդ ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան Իսրայելի ռազմաօդային ուժերում։ Այս մասին հայտնում են պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի կողմից գործարքի հաստատումից հետո իսրայելական կողմը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ում F-35 համատեղ ծրագրի գրասենյակ՝ ինքնաթիռներ ձեռք բերելու համար, որից հետո պետք է կնքվի մատակարարման պայմանագիր։ Նախարարությունից հայտնել են, որ գործարքը կավարտվի առաջիկա ամիսներին։
«Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ կառավարությունից կգնի Lockheed Martin-ի արտադրության 25 F-35՝ համաձայնագրով, որը ներառում է աջակցություն և սպասարկում: Առաքման ավարտից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող աշխարհի ամենաառաջադեմ ինքնաթիռների թիվը կհասնի 75-ի: Իսրայելի պաշտպանության բանակին ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2027 թվականին՝ տարեկան երեք ինքնաթիռ»,- ասվում է զեկույցում։
ԱՄՆ-ից ևս 25 F-35 կործանիչներ գնելու որոշման մասին Իսրայելի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հայտարարել էր այս տարվա հուլիսին։ Նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ դոլար, և այն ֆինանսավորվում է Իսրայելին ԱՄՆ-ի օգնության միջոցներից:
Իսրայելը 2010 թվականին որոշել է ԱՄՆ-ից գնել F-35 ինքնաթիռներ։ Առաջին երկու նման կործանիչները վայրէջք կատարեցին իսրայելական Նևաթիմ բազայում 2016 թվականի դեկտեմբերին, մեկ տարի անց բանակն ավարտեց ընդունման ընթացակարգը և հայտարարեց ձեռք բերված մեքենաների օպերատիվ օգտագործման մեկնարկի մասին։ Jerusalem Post-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ից արդեն պատվիրված 50 ինքնաթիռներից վերջինը պետք է մատակարարվի 2024 թվականին։