Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը Փարիզ–Պեկին և Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ռադիոճնշման չի ենթարկել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԲ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությունը։

 

Ըստ ադրբեջանական կողմի` ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին` ժամը 11։15–11։36–ըև ժամը 13։30–13։58–ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով նշված երթուղիներով թռչող օդանավերի համակարգերը։

 

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ»,– շեշտված է հաղորդագրության մեջ։

 

ՊԲ–ն վստահ է, որ Ադրբեջանի նպատակն է նման կեղծ հայտարարություններով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։ Բացի այդ,Ադրբեջանը նախապատրաստում է տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։

 

Հիշեցնենք, որ երեկ առավոտվանից լարված իրավիճակ էր Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ն հայտնել է 3 զոհի և 2 վիրավորի մասին:

Պատահարներ