Ռուսաստանը մտադիր է վերահսկողության տակ առնել «Վագներ» ՄՌԿ-ի գործունեությունը Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում. Bloomberg

«Վագների» ցանցի արտասահման տեղափոխումը ռուսական անմիջական հրամանատարության ներքո վերջ կդնի այն սխեմային, որը թույլ է տվել իշխանություններին պաշտոնապես հրաժարվել այս կառույցի գործունեության պատասխանատվությունից, պնդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, Կրեմլին և ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրներին։ Ընդ որում, նման որոշումը թույլ կտա պահպանել և նույնիսկ ամրապնդել Ռուսաստանի ազդեցությունը որոշ երկրներում։ 

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված ռազմական կապալառուն արդեն պատրաստ է ստանձնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ՄՌԿ–ի գործողությունների կառավարումը։ 

Բացի այդ, հրատարակությունը պնդում է, որ անցած շաբաթվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, հրամանագիր է ստորագրել, որը բոլոր «վագներականներին» պարտավորեցնում է հավատարմության երդում տալ պաշտպանության նախարարությանը։ 

Հրապարակման մեջ խոսվում է նաև Լիբիա և Սիրիա ռազմական պատվիրակությունների ենթադրյալ այցերի մասին՝ «կառավարական վերահսկողություն հաստատելու» այն գործողությունների վրա, որոնք նախկինում իրականացվել են ՄՌԿ–ի հետ պայմանագրով։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս չկա։ 

Հուլիսի սկզբին, այսպես կոչված, վագներական արդարության երթից երկու շաբաթ անց, Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, գրեց, որ Կրեմլը Պրիգոժինին թույլ է տվել պահպանել Աֆրիկայում իր գործառույթների մի մասը: Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պուտինն անձամբ է թույլտվություն տվել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում «Վագների» գործունեությունը շարունակելու համար։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ «վագներականները» բախվել են ՌԴ պաշտպանության նախարարության ուժեղացված ճնշմանը: Մասնավորապես, ըստ լրագրողների, ՄՌԿ–ի մարտիկներին արգելվել է օգտվել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներից, իսկ Կրեմլը հատուկ խնդրել է սիրիական իշխանություններին փակել «Վագների» մուտքը դեպի Հմեյմիմ ավիաբազա։ 

Պատահարներ