«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից լինել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը։

 

«Այժմ, իհարկե, շատ են շահարկումները այս ավիավթարի և ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան շուրջ։ Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները մատուցվում են որոշակի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է: Այս խնդիրը լուսաբանելիս, անշուշտ, հարկավոր է հիմնվել բացառապես փաստերի վրա», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով համապատասխան պնդումները։

 

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Embraer» ինքնաթիռը, որը «Շերեմետևո»-ից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Այնտեղ գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ուղևորների ցանկում կար նաև Եվգենի Պրիգոժինի անունը։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։

 

«Վագների»  նման կառույց դե յուրե գոյություն չունի, կա «Վագներ խմբավորում, որը մեծ ներդրում է ունեցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում: Սա ևս Պեսկովի հայտարարությունն է, ով չի պատասխանել հարցին թե ինչպիսին կլինի առհասարակ «Վագների»  ճակատագիրը: