ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսումնասիրում ենք Հնդկաստանից ՀՀ-ով Եվրոպա բեռնափոխադրման նոր միջանցքի ստեղծման հնարավորությունները. Վահան Քերոբյան

Առաջին 6 ամսվա տվյալներով, Հայաստանում նոր բացված ընկերությունների քանակը 5400 է, որոնցից ամենաշատ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են, հետո Ռուսաստանից, երրորդը՝ Իրանի քաղաքացիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Ես տեսնում եմ, որ համագործակցությունը շատ նորմալ ընթանում է: Տարբեր բաներ են արտադրում, և՛ սնունդ, և՛ շինանյութ»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, որ Հնդկաստանի հետ մենք կարող ենք շատ մեծ ծավալների ատռևտուր ունենալ, պարզապես կոմունիկացիաների խնդիր կա, Քերոբյանը նշեց՝ այո՛, կոմունիկացիաների խնդիր կա։ Դրանք դեռ հղկված չեն, լոգիստիկան հեշտ չի։  

 

«Համաձայն եմ, որ Հնդկաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի: Գիտեք, որ մեր առաջարկով վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հնդկաստանից մինչև Եվրոպա բեռնափոխադրման նոր արագընթաց միջանցքի ստեղծման հնարավորությունները: Այսպիսի փորձեր նախկինում էլ են եղել: Խմբի ղեկավարը ես եմ և մեր նպատակն է այնպես անել, որ բեռները Հնդիաստանից Հայաստան, Հնդկաստանից Եվրոպա Հայաստանի միջոցով  անցնեն հնարավորինս արագ և էժան: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ հստակ առաջարկ կունենանք, թե ինչպես պետք է անել, որպեսզի թե՛ Հնդկաստանից, թե՛ Հայաստանից Հնդկաստան, ընդհուպ մինչև Եվրոպա արագընթաց բեռնափոխադրման միջանցք ստեղծել»,-ասել է Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհն անցնելու է Իրանով: