
Ադրբեջանը հստակ պահանջ է դրել՝ հայկական բեռնատարները Լաչինի միջանցք չեն մտնելու. պատմում է վարորդը

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռևս Լաչինի միջանցքում է։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:
MediaHub.am-ի հետ զրույցում բեռնատարներից մեկի վարորդը նշել է, որ սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին: Ըստ աղբյուրի՝ այսօր՝ հուլիսի 27-ին, երեկոյան հստակ պարզ կլինի 400 տոննա հումանիտար բեռի հետագա ճակատագիրը, սակայն կոնկրետ ինքը հույս չունի, որ իրենք կհատեն Արցախի սահմանը.
«Ասվել է՝ կա՛մ Ադրբեջանի տարածքով պետք է բեռները հասցվեն, կա՛մ ռուս խաղաղապահների միջոցով: Այսինքն՝ ադրբեջանցիները հստակ պահանջ են դրել, որ հայկական բեռնատարները Լաչինի միջանցքով որևէ պարագայում չեն անցնելու»,- ասել է նա, հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը երեկ հայտարարել էր, որ հումանիտար օգնություն Արցախ ուղարկելն այս ճանապարհով որակում է սադրանք:
Նա նաև ասել է, որ իր պես շատերն են մտածում՝ այդտեղից ավելի իրենք չեն անցնելու, պարզապես վերջակետը կդնեն ռուս խաղաղապահները:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից էլ, ըստ ամենայն հավանականության, ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։