
Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Կառավարությունն առաջարկում է Սևանա լճի ջրառի 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը հասցնել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների լցվածությամբ, գետերի ջրատվությամբ։ Նախագիծը քննարկվում է այսօրվա ԱԺ արտահերթ նիստում։
Զեկուցող, ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց՝ ենթադրում են, որ օգոստոսին լրացուցիչ ջրառի խնդրին անդրադառնալու կարիք կլինի, ինչով պայմանավորված էլ խնդրում են ԱԺ-ին քննարկել այս առաջարկը, որ կարողանան ոռոգման սեզոնն առանց ընդհատումների անցկացնել:
Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին:
Տերտերյանը ներկայացրեց նաև որոշ ցուցանիշներ՝ հիմնավորելու լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը: 2019-ի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12.6 խմ, 2020-ին՝ 7.6, 2021-ին՝ 4.9, 2022-ին՝ 10, իսկ 2023-ին՝ 6.6:
Մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 2022-ին տեղափոխվել է 148 մլն խմ:
«Սա խոսում է նրա մասին, որ մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ»,- նշել է փոխնախարարը:
Վաչե Տերտերյանից ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե մինչ այս պահը ինչքան ջուր է բաց թողնվել Սևանա լճից և որքան է մտել լիճ․ պատգամավորին հետաքրքիր էր՝ էֆեկտի՞վ են օգտագործվում ջրային պաշարները, թե՞ ոչ։
«Այս տարի ջրառն սկսվել է իրականացվել մայիսի 14-ին․ շուրջ կես ամիս ավելի շուտ ենք սկսել ջրառը։ Մինչ այսօր Սևանից վերցրել ենք 82,3 միլիոն խորանարդ մետր։ Արփա-Սևան թունելի հիդրոտեխնիկական համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81,38 միլիոն խորանարդ մետր»,- ասաց է Տերտերյանը։