Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ. Կազմակերպությունը` ադրբեջանական մեղադրանքների մասին

«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։  Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն։

 

Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։

Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։

Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։

 

Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,- նշված է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետը՝ պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։

Քաղաքականություն