Մեղուների պարսը հարձակվել է 2 երեխայի վրա՝ նրանց խայթելով 465 անգամ. ՌԴ
ՌԴ-ի Բաշկիրիա ազգային պարկում ընտանի մեղուների պարսը հարձակվել է երկու տղայի վրա, ինչի հետևանքով բժիշկները նրանց մարմիններից հանել են մեղվի 465 խայթ, հայտնում է ria.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Իշիմբայի շրջանի Ախմերովո գյուղում։ Երկու եղբայր առանց ծնողների ուղեկցության գնացել են անտառի բացատ։ Այնտեղ նրանց վրա հարձակվել են մեղուները, երեխաները բազմաթիվ խայթոցներ են ստացել։
Ութ տարեկան կրտսեր եղբորը հաջողվել է փախչել և հասնել տուն, որտեղ նա պատմել է, որ ավագ եղբայրը մնացել է անտառում և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Հայրն ու հորեղբայրը գնացել են բացատ, ցրել մեղուներին ու երեխային ազատել։
«Տղաներին տեղափոխել են գյուղի բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո երեխաներին շտապօգնության մեքենայով ուղարկել են Ստերլիտամակ քաղաքի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, վերակենդանացման բաժանմունքում մոտ 465 խայթ է հեռացվել մարմինների տարբեր մասերից՝ վերջույթներից, ձեռքերից, ոտքերից, դեմքից, ականջներից և գլխի մաշկից»,- ասվում է հրապարակման մեջ։
Նրանք նշել են, որ երեխաների փրկությունը հնարավոր է դարձել փորձառու բժշկի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
«Երեխաներն այժմ գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ, նրանց վիճակը բարելավվում է, նրանց վտանգ չի սպառնում, բուժումը շարունակվում է»,- հավելել են հիվանդանոցից։