
Ամերիկային արգելվել է նայել մաշկի գույնին․ շրջադարձային որոշում

ԱՄՆ Գերագույն դատարանն այսօր շրջադարձային որոշում է կայացրել. մի քանի տասնամյակ տևած ծավալուն քննարկումներից հետո դատարանը ընդունել է, որ «դրական խտրականություն» տերմինի մեջ գլխավորը գոյականն է, այ ոչ թե ածականը, հետևաբար, ինչպես ցանկացած այլ խտրականություն, այն նույնպես հակասահմանադրական է։
Վերջին 45 տարիների ընթացքում ԱՄՆ Գերագույն դատարանը ճանաչել է, որ բոլորը հավասար են երկրի օրենքների և կանոնների առաջ, սակայն այս ընդհանուր կանոնն ունի մեկ բացառություն՝ բարձրագույն կրթություն: 1978 թվականին Գերագույն դատարանը երաշխավորեց համալսարանների իրավունքը՝ հավաքագրել ուսանողներին՝ հիմնվելով իրենց սեփական սկզբունքների և համոզմունքների վրա, և ընտրության չափանիշներից մեկը կարող էր լինել ռասայական:
Ուսանողներն ընդունվել են բուհ ոչ միայն իրենց անձնական նվաճումների և ակադեմիական արդյունքների հիման վրա, այլ շատ դեպքերում՝ ելնելով իրենց ազգային պատկանելությունից:
Այս քաղաքականությանը հակադրվեց «Ուսանողներ հանուն արդար գրանցման» շարժումը, որը հիմնադրվել էր ակտիվիստ իրավաբան Էդվարդ Բլումի կողմից, ով բազմաթիվ դատավարություններ էր կազմակերպել տարբեր ոլորտներում ռասայական խտրականության դեմ: Շարժումը դատի է տվել երկրի երկու համալսարաններին՝ Հարվարդի քոլեջին և Հյուսիսային Կարոլինայի համալսարանին:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գործով հայցվորները պնդում էին, որ համալսարանը խտրականություն է դրսևորում սպիտակամորթ և ասիացի դիմորդների նկատմամբ՝ նախապատվությունը տալով սևամորթներին, իսպանացիներին և բնիկ ամերիկացիներին:
Հարվարդի դեմ գործով հայցվորները պնդում էին, որ համալսարանը խտրական քաղաքականություն է վարում ասիական ծագմամբ ամերիկացիների նկատմամբ՝ գնահատելով այնպիսի սուբյեկտիվ չափանիշներ, ինչպիսիք են գրավչությունը, խիզախությունը և բարեհաճությունը ընդունելության ժամանակ, այսպիսով խոչընդոտ ստեղծելով այս կատեգորիայի դիմորդների համար:
Երկու համալսարաններն էլ շահել են գործերը դաշնային դատարաններում: Միաժամանակ Հարվարդին հաջողվեց հաղթել Վերաքննիչ դատարանում։ Երկու համալսարաններն էլ հաստատեցին, որ տասնամյակներ շարունակ առաջնորդվել են Գերագույն դատարանի նախորդ`1978թ.-ի որոշմամբ, ըստ որի` փոքրամասնության խմբի դիմորդի ազգային ինքնությունը կարող է լրացուցիչ դրական գործոն ծառայել ընդունելության հնարավորությունները մեծացնելու համար:
Այժմ նրանք և մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է կենտրոնանան գերագույն դատավորների նոր որոշման վրա։
Այսօր Գերագույն դատարանը ճանաչել է, որ դիմորդների գրանցման հարցում նման ընտրողական մոտեցումը նույն ռասայական խտրականությունն է, ինչ սևամորթների իրավունքների ոտնահարումը:
«Ռասայական խտրականության վերացումը նշանակում է այդ ամենի վերացումը», - ասել է գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը դատավճռում, որին միացել են դատավորներ Քլարենս Թոմասը, Սամուել Ալիտոն, Նիլ Գորսուչը, Բրետ Քավանոն և Էմի Քոնի Բարեթը: «Ուսանողի հետ պետք է առնչվել՝ ելնելով իր անհատական փորձառությունից, այլ ոչ թե ռասայից: Շատ համալսարաններ շատ երկար ժամանակ ճիշտ հակառակն են անում»։
Ֆորմալ առումով այս որոշումը վերաբերում է երկու կոնկրետ բուհերի, սակայն պարզ է, որ այն բացում է երկրի այլ բարձրագույն հաստատություններում «դրական խտրականության» ծրագրերը վիճարկելու հնարավորություն։
Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համալսարանների և քոլեջների մեծ մասը, որոնք ընդունում են ԱՄՆ-ի դիմորդների կեսից ավելին, հաշվի չեն առնում ռասայական և էթնիկ պատկանելությունը ուսանողներին ընդունելիս: Ուստի, շատ փորձագետների կարծիքով, դատարանի որոշումը առաջին հերթին վերաբերում է էլիտար բուհերին, որտեղ կան նման ծրագրեր։
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել։ Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ նախագահ Ջոզեֆ Բայդենը կարող է այսօր հակիրճ խոսել դատարանի վճռի մասին։ Այնուամենայնիվ, ըստ հասարակական կարծիքի հարցումների, ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ուսման ընդունվելիս չպետք է հաշվի առնել էթնիկ պատկանելությունը և ռասան: