
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Խուդաթյան

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում․ այն հնարավորություն կտա կրկնապատկել և հետագայում էլ ավելի մեծացնել Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ խոսելով Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության առկա մակարդակի մասին։ Խուդաթյանն իր խոսքում կարևորեց Թեհրանի հետ համագործակցությունն ու գործընկերությունը տարբեր՝ հատկապես ենթակառուցվածքների և ճանապարհաշինության ոլորտներում։
«Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգում հայ-իրանական համագործակցությանն, ապա հայտնի է, որ այս պահին ընթացքի մեջ է, սակայն կարող եմ ինձ թույլ տալ և ասել, որ արդեն ավարտական փուլում են գտնվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկարողանանք լրացուցիչ մեծ ծավալ արտահանել դեպի Իրան»,- ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ կողմերը շարունակում են աշխատանքն այս ծրագրի հաջող ավարտն ապահովելու ուղղությամբ։
ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ հենց այս պահին էլ Հայաստանից դեպի Իրան է արտահանվում էլեկտրաէներգիա, և այդ գործընթացը շարունակական է գրեթե ամբողջ տարվա ընթացքում, իսկ նոր գծի կառուցումը կողմերին հնարավորություն կտա կրկնապատկել և հետագայում նաև ավելի մեծացնել արտահանման ծավալները։