Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը։ 

 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է»։

 

Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանը հերթական անգամ իբրև թե «մոլորեցնում է» միջազգային հանրությանը՝ նշելով, թե Հայաստանն իբր միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին․ «Դրա փոխարեն Հայաստանը լավ կլինի՝ կատարի իր պարտավորությունները և հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- ասել է նա։

 

Փաշինյանն այսօր ավելի վաղ Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:

 

«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - գրել է Փաշինյանը։

 

Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ հայկական կողմն ունի 4 զոհ: 

Քաղաքականություն