«Տիտան» բաթիսկաֆի վրա մահացած պակիստանցի երիտասարդի մայրը զիջել է տեղը որդուն՝ հանուն Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդի

«Տիտան» բաթիսկաֆում զոհված պակիստանցի միլիարդատեր Շահզադա Դավուդի կինը՝ 19-ամյա Սուլեման Դավուդի մայրը, իր տեղը զիջել էր որդուն, որ վերջինս լողալիս Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդ սահմանի։ Այս մասին նա ինքն է խոսել BBC-ին տված հարցազրույցում։ 

Կնոջ խոսքով՝ ամուսինն ու որդին տարված են եղել առաջիկա սուզումով, և այդ մասին ընտանիքում խոսվել է մի քանի տարի։ Այնուամենայնիվ, հարցը պետք է հետաձգվեր COVID-19 համավարակի պատճառով։ Մինչ այդ երիտասարդը չէր կարող մասնակցել արշավներին, քանի որ այնտեղ 18 տարեկանից փոքր մարդ չի տեղափոխվել։ 

Քրիստին Դավուդն ասել է, որ իր որդին սիրում էր Ռուբիկի խորանարդը. նա ուսումնասիրել է համացանցի բոլոր հրահանգները՝ արագ լուծելու այս գլուխկոտրուկը և ի վերջո սովորել է, թե ինչպես լուծել այն 12 վայրկյանում: Սուլեմանը ծրագրել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ դառնալ առաջին մարդը, ով կլուծի Ռուբիկի խորանարդը ավելի քան 3 հազար մետր խորության վրա, պատմել է կինը։ 

Նա նախօրոք դիմել է Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողով, սակայն նրան մերժել են գրանցել իր ապագա նվաճումը, քանի որ հանձնաժողովի անդամի կամ լիազորված անձի ներկայությունը բացառվել է։ Այնուամենայնիվ, Դավուդ կրտսերը որոշել է իրականացնել իր ծրագիրը նույնիսկ առանց ռեկորդի պաշտոնական ամրագրման։ Ենթադրվում էր, որ դրա համար Ռուբիկի խորանարդի հավաքումը ռեկորդային խորության վրա կնկարահանվի Շահզադա Դավուդի կողմից: 

Արևմտյան լրատվամիջոցներն այժմ գրում են OceanGate Expeditions-ի հնարավոր անհուսալիության մասին, որը կազմակերպել է սուզումները։ Լաս Վեգասի մեծահարուստ գործարար Ջեյ Բլումն ասել է, որ իրեն համոզել են միանալ արշավախմբին՝ առաջարկելով 100,000 դոլար զեղչ 250,000 դոլար արժողությամբ տոմսի համար: Ձեռնարկատերը հրապարակել է իր նամակագրությունը OceanGate Expeditions-ի ղեկավար Սթոքթոն Ռաշի հետ, որից հետևում է, որ Բլումն ու նրա որդին մտածել են սուզմանը մասնակցելու մասին, սակայն հրաժարվել են դրանից, քանի որ որոշ վստահելի աղբյուրներ նրանց զգուշացրել են բաթիսկաֆի կործանման վտանգի մասին։ 

OceanGate Expeditions-ի «Տիտան» բաթիսկաֆը ևս մեկ արշավ կատարեց դեպի 1912 թվականին խորտակված Տիտանիկի բեկորները, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հատակին մոտ 3,8 կմ խորության վրա, Նյուֆաունդլենդ կղզուց մոտավորապես 650 կմ հարավ-արևելք: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, սուզվելու ժամանակ նախատեսվում էր ԴՆԹ-ի նմուշներ հավաքել նավի բեկորների մոտ։ Հունիսի 18-ի առավոտյան սարքի հետ կապն ընդհատվել է, եւ նա անհետացել է ռադարից։ 

Հունիսի 22-ին ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ սուզանավի որոնման տարածքում բեկորներ են հայտնաբերվել։ Նույն օրը OceanGate-ը հայտարարեց, որ ստորջրյա սարքի անձնակազմը մահացած է։ Բաթիսկաֆում էին բրիտանացի միլիարդատեր գործարար Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլեմանը, ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարջոլեն և OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը: 

Reuters-ի փոխանցմամբ՝ բաթիսկաֆի խնդիրները կարող էին թաքցնել 2018 թվականից։

Քաղաքականություն