Արմեն Աշոտյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնում

Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին, վերջապես, հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը: Այդ մասին հայտնում է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

 

«Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է, հիմնականում քննիչի միջնորդությունից:

 

Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են:

 

Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են, և 2 էջ, վերջապես ՝ դատարանի պատճառաբանությունները:

 

Դե, իհարկե, «պատճառաբանություն» դա անվանել դժվար է, դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:

 

Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին:

 

Այդ դատավորները նիկոլական դատարան/տրոյկաների մի մասն են, շուտով կառանձնանան և կկազմեն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, ինչով նիկոլական տռոյկաների համակարգի ձևավորումը կավարտվի:

 

Մեծ հաշվով դրանք դատարաններ չեն, դրանք ժեխին զբաղեցնելու շոու բիզնես հիշեցնող հիմնարկներ են՝ «սրանից էս խլեցինք, նրան էսքան «սրոկ» տվեցինք, դե ժեխ ապրի երջանիկ, քանի նիկոլը ծախում է Հայրենիքը»:

 

Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:

 

Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:

 

Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկ նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու»,- հայտնել է նա։

Քաղաքականություն