ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծաղկավանում ավտովթարի ենթարկված քաղաքացիները ժամեր շարունակ սպասել են քննիչների ժամանմանը
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ Վթարի ժամանակ մեքենաներից մեկում գտնված լրագրող Լիա Սարգսյանը մանրամասներ է հայտնել պատահարին հաջորդած իրադարձությունների մասին։ Ըստ նրա՝ վթարից տուժած քաղաքացիների մի մասը ստիպված են եղել ժամեր շարունակ սպասել քննիչների ժամանմանը։
Գրառումը, ինչպես նաև հրապարակված լուսանկարները ներկայացնում ենք ստորև․
«Վթարը, որ տեսնում եք նկարներում, տեղի է ունեցել այսօր՝ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ Սպրինտերի մեջ նաեւ ես էի, 8 այլ քաղաքացիների, մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխեցին հիվանդանոց:
4 ժամ վթարից տուժած մյուս 9 քաղաքացիները դեպքի վայրից ստիպված են եղել չհեռանալ, քանի դեռ քննիչ կոչեցյալները չեն ժամանել:
Գոռ Աբրահամյան, Արգիշտի Քյարամյանին փոխանցիր, ընկեր ջան, որ իր ղեկավարած կառույցում կատարյալ բարդակ է ու ամենաթողություն: Այն քննիչին, որը պիտի գար, մոտ 5 անգամ զանգել են, սենյակից դուրս չէր գալիս:
Ուրեմն դեպքը տեղի ունեցավ ժամը մոտ 14:00-ին, 20 րոպե անց առաջինը տեղ հասան Իջեւանի պարեկները, շտապօգնությունը, ապա ԱԻն ՓԾ աշխատակիցները: Այս հատվածում շնորհակալություն հայտնեմ պարեկներին՝ ի դեմս Իջեւանի վաշտի հրամանատար Արտակ Օհանյանին եւ փրկարաներին:
Շտապօգնության բժիշկների մոտ ջուր չկար, թերեւս իրենց մասին այսքանը:
ՀՀ Քննչական կոմիտե, դուք առհասարակ տեղյակ եք, թե ինչ է կատարվում ձեր մարզային բաժիններում: Վթարից տուժած քաղաքացիները անձրեւի տակ 4 ժամ սպասել են մինչեւ կբարեհաճեին Իջեւանի քննիչները:
Քննիչների գործը ստիպված պարեկներն են արել՝ տուժածների տվյալները վերցրել են ու մի մասին ճանապարհել տուն»: