Տրոլեյբուսի վթարված գծերը վերանորոգելիս 2 աշխատակից 4 մետր բարձրությունից ընկել է

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում 2 բեռնատար ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ իականացնելիս են եղել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա՝ կապված տրոլեյբուսի գծերի հետ, երբ Isuzu մակնիշի բեռնատարն անցել է այդ վայրով, բախվել տրոլեյբուսի կախված լարերին, ապա ավտոմեքենայի բեռնախցիկը կոտրել, իսկ զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել են ցած։ 

 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03  շտաօգնության բժշիկերի հերթապահ խմբերը, ովքեր տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա Հ․ Խաչատրյանին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա․ Դավթյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Քաղաքականություն