
Պուտինը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչուներով հարձակումը

Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների: Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
«Երկու-երեք օր առաջ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Միաժամանակ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա։ Սա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։
Նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։
«Չնայած, աշխատելու բաներ դեռ կան», - ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ։