Երևանում ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ հակաթմրամոլային միջոցառում կանցկացվի․ ոստիկանություն

Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառում է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանն իր բացման խոսքում ՆԳ նախարարի անունից ողջունել է միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

 

«Միջոցառմանը ներկա ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխաիլ Մելիխովն էլ փոխանցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ կարևորելով նմանատիպ միջոցառումները, քանի որ դրանց շնորհիվ մեծ արդյունքների են հասել անցած 20 տարվա ընթացքում. հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնակիցները քննարկել են տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառմանն առնչվող մի շարք հարցեր։ Ներկայացվել են օրակարգով նախատեսված զորավարժությունների անցկացման կարգն ու նախապես մշակված ընթացակարգը»,– ասված է հաղորդագրությունում։

 

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Դիտորդներ են եղել նաև Չինաստանից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից:

 

Միջոցառման ընթացքում մասնակիցները ստորագրել են համագործակցության հուշագրեր։

Քաղաքականություն

Պատահարներ