Հայկական ծիրանին են անդրադարձել․ ուշագրավ ուղերձ արտերկրից
Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ,
Այս շաբաթ մեկնարկում է Հայաստանի անզուգական ծիրանի (լատ. Prunus armeniaca) սեզոնը։ Այս առիթով ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այս զարմանահրաշ պտղի պատմությամբ, որը հազարամյակներ շարունակ սերտորեն կապված է հայկական պատմության, մշակույթի և ինքնության հետ։
Ծիրանը ծագել է Հայկական լեռնաշխարհում և վաղուց ի վեր համարվել՝ Հայաստանի բերրի հողի, բորբ արևի և հարուստ ժառանգության խորհրդանիշ։
Ծիրանի մասին հիշատակումներ կարելի է գտնել անտիկ քաղաքակրթությունների աղբյուրներում։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «Արմանու» («Հայկական»), իսկ հին Միջագետքի որոշ ժողովուրդներ ծիրանենին անվանում էին «Խազուրա Արմենայա»՝ «Հայկական խնձորենի»։ Նույնիսկ այսօր ծիրանի արաբերեն ավանդական անվանումներից մեկը՝ «Tuffah al-Armani», նշանակում է «հայկական խնձոր»։
Պտղի գիտական անվանումը՝ Prunus armeniaca, ևս արտացոլում է նրա դարավոր կապը Հայաստանի հետ։ Պատմական աղբյուրների համաձայն՝ դեռևս մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, Տիգրան Մեծի հետ ճակատամարտից հետո, ծիրանենիները Հայաստանից տեղափոխել է Հռոմ՝ որպես «ռազմավար»։ Այնտեղ դրանք մշակվել են և ստացել՝ «Հայկական սալոր» անվանումը։ Հռոմից ծիրանը հետագայում աստիճանաբար տարածվել է ողջ Եվրոպայում։
Չնայած նոր անվանումներին ու աշխարհով մեկ տարածվելուն, ծիրանը մնացել է անբաժանելիորեն կապված այն հողի հետ, որտեղ դարեր շարունակ ծաղկել է։ Շատերի համոզմամբ՝ միայն Հայաստանի յուրահատուկ կլիմայում, ջերմ արևի տակ և հրաբխային բերրի հողում է պտուղը պահպանել իր էնդեմիկ բույրը, համը և առանձնահատկությունները։
Այդ պատճառով էլ ծիրանը մինչ օրս համարվում է Հայաստանի ամենակարևոր ազգային խորհրդանիշներից մեկը՝ մարմնավորելով երկրի մշակութային և բնական ժառանգությունը։
Հայաստանի Հանրապետության դրոշի երեք գույներից կենտրոնականը՝ նարնջագույնը, որը հայկական բնաշխարհում համապատասխանում է ծիրանագույնին, խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը։
Հայաստանի սիրված ազգային նվագարանը՝ դուդուկը, պատրաստվում է բացառապես ծիրանենու փայտից, ինչի շնորհիվ ունի իր յուրահատուկ ջերմ և հոգևոր հնչողությունը։
Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը հպարտությամբ կրում է «Ոսկե ծիրան» անվանումը։
Մշակութային նշանակությունից բացի՝ ծիրանը նաև բարձր է գնահատվում իր սննդային արժեքներով։ Ցածր կալորիականությամբ այս միրգը հարուստ է վիտամիններով, օրգանական թթուներով ու հանքանյութերով՝ հատկապես վիտամին C-ով և կալիումով, որոնք կարևոր են սրտի առողջության, մկանների աշխատանքի, նյարդային ազդակների փոխանցման և արյան ճնշման կարգավորման համար։
Հայկական ծիրանի սեզոնը կարճ է՝ ընդամենը մի քանի շաբաթ։
Շտապեք այցելել Հայաստան այս առանձնահատուկ ժամանակահատվածում, ըմբոշխնեք երկրի շունչը, վեհ բնությունը, հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը։
Եվ բացահայտեք հայկական ծիրանի անկրկնելի համը»,- ասվում է Բուլղարիայում ՀՀ դեսպանտան տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...