Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանել է Սուպեր Սաքոյի հետ աղմկահարույց հարցազրույցը
Հանրային հեռուստաալիքը անդրադարձել է օրերս աղմուկ հանած հարցազրույցին, որի հյուրը ռեփեր Սուպեր Սաքոն էր։
Հիշեցնենք, որ հարցազրույցում Սուպեր Սաքոն կարծիք էր հայտնել Կոմիտասի երգարվեստի և մուղամի հայկական լինելու մասին, ինչը քննադատությունների առիթ էր դարձել։
«Հարգելի՛ հեռուստադիտողներ,
Ըստ ՀՀ օրենսդրության՝ Հանրային հեռարձակողը պարտավոր է «հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը»: Հավատարիմ մնալով մեր օրենսդրական պարտավորություններին՝ Առաջին ալիքը հարթակ է տրամադրում մեր հասարակության տարբեր շերտերին: Սակայն վերջին շրջանում Հանրայինը հաճախ է քննադատության ենթարկվում տարբեր կարծիքներ ունեցող անձանց եթերաժամանակ տրամադրելու համար, մինչդեռ «հանրային» բառը արտահայտում է հենց այդ բազմազանությունը և բազմակարծությունը:
Հեռուստաընկերությունը կտրականապես դեմ է հյուրերի ընտրության խտրական քաղաքականությանը՝ հենվելով տարբեր խմբերի նախապատվությունների և կարծիքների վրա: Մենք մերժում ենք գրաքննության և խոսքի ազատության սահմանփակման փորձերը: Հանրայինի եթերում հեռարձակվող հարցազրույցներն ու հաղորդումները ոչ միայն տեղեկատվական բնույթ են կրում, այլև ներկայացնում են տարբեր անհատների կարծիքներ, և դրանց ցուցադրումը չի նշանակում, որ Հեռուստաընկերությունը կիսում է արտահայտված մտքերը:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձանց հայացքները կարող են պարունակել վիճելի դրույթներ, ազատ հասարակությունում դրանք կարող են քննարկվել, քննադատվել. դա է պահանջում բազմակարծությունը:
Անդրադառնալով նման մեկնաբանություններ առաջացրած վերջին դեպքին՝ նշենք, որ անձը հրավիրվել է՝ հաշվի առնելով հանրության շրջանակում իր ունեցած լսարանը: Նշենք, որ զրույցի ընթացքում հաղորդավարն ուղիղ տեքստով հերքում է հյուրի արտահայտած կարծիքը Կոմիտասի մասին։
Առաջին ալիքի ծրագրային քաղաքականության կենտրոնում են մեծանուն հայերի՝ այդ թվում և Կոմիտասին նվիրված հաղորդումների, համերգների, ֆիլմաշարերի, ինչպես նաև ամեն տարի անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի համերգային հատվածի նկարահանումն ու ցուցադրումը: Միայն վերջին 30 օրվա ընթացքում Հանրայինը ցուցադրել է Կոմիտաս Վարդապետի կյանքի և ժառանգության մասին պատմող 13 ծրագիր:
Հանրայինն ուշադիր հետևում է հանրության կարծիքներին ու հատկապես քննադատություններին և դրանք հաշվի է առնում եթերացանցը կառուցելիս»,- նշվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»․ թանգարանը՝ Սուպեր Սաքոյին
Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրակա...
Aerosmith-ը հրաժեշտի շրջագայություն կսկսի
Ամերիկյան Aerosmith ռոք խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է այս սեպտեմբերին մեկնարկող հրաժեշտի շրջագայության մ...
Կասկադյորական վթար՝ «Գլադիատորի» սիքվելի նկարահանումների ժամանակ․ կան տուժածներ
Մարոկկոյում «Գլադիատորի» սիքվելը նկարահանող անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են նկարահանման հրապարակում կասկադյորա...
Եվրատեսիլը հաջորդ տարի կընդունի Շվեդիան. Հայաստանը 14-րդ հորիզոնականում է
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը` 58...