Քննարկվում է սիրիացի փախստականների վերադարձը Սիրիա. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ բանակցությունների ընթացքում քննարկել սիրիացի փախստականների` հայրենիք վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
«Սրանք բանակցություններ են լինելու Սիրիայի հարցով։ Մենք կքննարկենք, թե ինչպես անվտանգ վերադարձնել սիրիացի փախստականներին իրենց հայրենիք։ Բայց դրա համար անհրաժեշտ է հող նախապատրաստել, ապահովել անվտանգությունն ու կայունությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի ղեկավարության և ՄԱԿ-ի հետ»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ այժմ սիրիական իշխանությունները «չեն կարողանում» ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կառուցողական էր անվանել Սիրիայի հարցով Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Սիրիայում կայունության և քառակողմ ձևաչափով հանդիպումների շարունակականության ապահովումը։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։