Ադրբեջանի ԱԳՆ-ն` Հայաստանում դատապարտված ադրբեջանցիների դատի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տքրածել ՀՀ պետական սահմանը հատած զինծառայողների գործերի առնչությամբ։

 

Ըստ հայտարարության` Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է» ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ «Հայաստանում կազմակերպված դատավարությունը, ինչպես նաև այն դատավճիռը, որի հիման վրա Բաբիրովը դատապարտվել է ազատազրկման»։

 

Նշվում է, թե «Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իր պատասխանատվությունն ու շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։

 

Բաքուն նաև միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ադրբեջանցի զինվորներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Դատարանի՝ մայիսի 4-ի դատավճռով Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով: 

 

Մեկ այլ ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, և նրա գործով հետաքննությունը շարունակվում է։