![Անցակետ դրել է նաև հայկական կողմը. Կարապետ Պողոսյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/b5d4961c39d26b11e354bf14e035de57.webp)
Անցակետ դրել է նաև հայկական կողմը. Կարապետ Պողոսյան
![Անցակետ դրել է նաև հայկական կողմը. Կարապետ Պողոսյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/b5d4961c39d26b11e354bf14e035de57.webp)
«Իրականում Հակարի անցակետ շոուն նախապես շատ լավ պլանավորված էր. Առաջին քայլն եղավ Շուշիի ճանապարհի փակելը Էկոահաբեկիչների կողմից, որի ֆոնին կազմակերպվեցին ենթաշոուներ, իսկ ժամանակը օգտագործվեց ալիև-նիկոլ բանավոր պայմանավորված սահմանները գծելու և անցակետեր կառուցելու համար»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
«Մասնավորապես, ամբողջովին թշնամու վերահսկողությանը հանձնվեց Բերձորի հատվածը, կենտրոնացվեցին տարբեր զինատեսակներ, բավականին մեծ ժամանակ տրվեց թշնամուն ինժեներական աշխատանքներ կատարելու, զորքը մոբիլ տեղաշարժելու թունելներ, բետոնյա ամրություններ կառուցելու համար(տես լուսանկարը)։
Ամբողջովին ամրանալուց հետո հերթական սադրանքը կազմակերպվեց, և տեղադրվեց անցակետ, այդ ընթացքում պարապ չէր նաև հայկական կողմը և շփման գծում` Հակարի կամուրջի դիմաց, տեղադրեց մի քանի մոդուլային տնակ և նստեցրեց ԱԱԾ մի քանի սահմանապահ։
Արդյունքում, ադրբեջանական կողմը միայնակ չի դրել անցակետ, անցակետ դրել է նաև հայկական կողմը, ինչը արդեն իսկ լեգետիմացնում է ադրբեջանական կողմի գործողությունները. ստեղծված իրավիճակում հասարակ հային մնում է, կա՛մ ընդունել իրողությունները և մտնել ադրբեջանի դրոշի տակ, կա՛մ ընդվզել, դիմանալ շրջափակմանը և գնալ պայքարի ավելի կոշտ միջոցների...
Հերթական ծանր փորձության մեջ հայտնվելով՝ կարծում եմ՝ առաջիկա օրերի լուրջ կոնսոլիդացիայի կարիք ունենք, ինչքանով կստացվի կերևա առաջիկա օրերին և ժամերին»:
Auroranews-ը կապ է հաստատել Կարապետ Պողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել է հայկական անցակետը տեղադրված է հենց Հակարի կամուրջի դիմաց:
«Ես` ինքս, մի քանի օր առաջ եղել եմ այդ հատվածում, տարածքն ամբողջովին դիտարկել եմ, որպեսզի կոնկրետ իմ համար էլ շատ բան պարզ լիներ: Իհարկե, այդ տարածքից նկարներ չեմ հրապարակել` հաշվի առնելով, որ կարող է հետագայում ինձ մեղադրեն պաշտպանական ինչ-որ կառույցներ անօրինական նկարել հրապարակելու մեջ` չնայած ես չեմ կարծում, որ Հայաստանում որևէ ռազմական գաղտնիք կա, որ Ադրբեջանը չգիտի»,-նշեց Պողոսյանը: