Ուժգին պայթյուն Զապորոժիեի ատոմակայանի տարածքում
Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել։
Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով կոտրվել են ԱԷԿ–ի չորրորդ էներգաբլոկի տուրբինային սրահի ապակիները։
«Այո՛, տուրբինային սրահի պատուհանների ապակիներն իսկապես կոտրվել են պայթյունի ալիքի հետևանքով։ Սակայն այս պատմությունն ավելի շատ կապված է ոչ թե հրետանային հարվածների, այլ ԱԹՍ–ների կիրառման հետ», – ասել է Կարչաան։
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա և ժամանակ առ ժամանակ փորձում են գնդակոծել այն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: