Սուդանում կրկին հրադադար են հայտարարել
Սուդանի զինված ուժերը և «Արագ արձագանքման ուժերը» (RRF) կրկին հրադադար են հայտարարել չորեքշաբթի երեկոյան 24 ժամով հրադադարի անհաջող փորձից հետո, հայտնում է Associated Press-ը (AP):
«Զինադադարը սկսվել է չորեքշաբթի տեղական ժամանակով 18:00-ին հումանիտար նպատակներով», - նշվում է Սուդանի բանակի հայտարարության մեջ:
Նշվում է, որ հրադադարը կտևի մինչև հաջորդ երեկո։
Բախումների հինգերորդ օրը հայտնի է դարձել, որ զոհվել է առնվազն 270 մարդ, ավելի քան 2600-ը՝ վիրավորվել։
Սուդանի մայրաքաղաք Խարթումում հոսանքազրկումներ են, խմելու ջրի ու սննդի բացակայություն, գրասենյակներն ու դպրոցները փակ են։ Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով հիվանդանոցները չեն կարողանում նորմալ աշխատել։ Այս իրավիճակի պայմաններում շատ բնակիչներ փորձում են հեռանալ Խարթումից։
Իրավիճակը Սուդանում վատթարացավ շաբաթ օրը, երբ Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի և ԱԱՈւ-ի միջև բախումներ սկսվեցին ծանր զենքի կիրառմամբ։ ԱԱՈՒ-ի հրամանատարության հայտարարություններում նշվում է, որ ներկայիս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, պաշարել են իրենց հենակետերից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ ԱԱՈւ-ն վերջերս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։