Հայտնի է, թե որտեղ է լինելու Համահայկական 8-րդ խաղերի բացումը
Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի պաշտոնական բացումը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային մարզադաշտում: Շիրակում նախատեսվում են անցկացնել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։
Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ պատասխանատուներն արդեն եղել են մարզական հաստատություններում, ուսումնասիրել հաստատությունների վիճակը, անհրաժեշտ պայմանների առկայությունը։
Նախատեսված է խաղերից որոշներն անցկացնել Շիրակի 12 մարզական կառույցներում։ Մրցումներ կլինեն նաև «Սև ամրոց» համալիրում, Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։
«Արդեն կան տվյալներ, թե որ մարզակառույցում ինչ ընթացիկ նորոգումներ են իրականցվելու: Կոմիտեն հակված է, որ խաղերը լինեն մարզերում, դրանց անցկացման ամենածանր բեռը կընկնի Շիրակի վրա»,-նշել է Վաչագան Վարդանյանը։
Խոսելով պաշտոնական բացման արարողության մասին՝ պատասխանատուն տեղեկացրել է, որ այդ մարզադաշտում կա 4200 նստատեղ: «Բայց դա բավական չէ, մոտավորապես նույնքան նստատեղ էլ ապահովվելու է մարզադաշտի տարբեր հատվածներում: Մեծ շոու-ծրագիր է լինելու, որը կեզրափակվի հրավառությամբ: Բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հունիսի կեսերից»։
Վարդանյանի խոսքով` այս պահին քաղաքի հյուրանոցային համալիրները բավարար չեն ընդունելու սպասվող հյուրերին: Փորձ կարվի այս հարցը տեղի իշխանությունների հետ լուծել ի հաշիվ այն հաստատությունների, որոնք հնարավոր է կարճ ժամանակում վերածել օթևանի:
«Մեր խնդիրն է պատվով դուրս գալ փորձությունից: Լինելու է 5-8 հազար մարդ, և մեզ համար կարևոր է, որ քաղաքի հյուրերը մեծ տպավորությամբ վերադառնան»:
Բացի լավ պատրաստվելուց Վաչագան Վարդանյանը հուսով է, որ, պահպանելով մարզական լավ ավանդույթները և հաշվի առնելով համահայկական անցած խաղերի արդյունքները, Շիրակի մարզը լավագույն արդյունքներ կգրանցի նաև խաղերում՝ թիմային հաշվարկով լավագույն եռյակում հայտնվելով:
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին այս պահի դրությամբ նախատեսվում է 17 մարզաձևերի համար խաղարկել է 107 հավաքածու մեդալ, սակայն կա առաջարկ մարզաձևերի թիվն ավելացնել՝ մրցույթում ընդգրկելով հայկական կոխ ըմբշամարտն ու կանանց մեծ և մինի ֆուտբոլները: