Տալիս ենք այն, ինչը կարող ենք տալ․ Հունաստանի ՊՆ-ն՝ Ուկրաինային տրամադրվող օգնության մասին
Հունաստանը Leopard 2A6 չի ուղարկի Ուկրաինա։ Այդ մասին չորեքշաբթի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։
Նախարարը հաստատել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հինգշաբթի կժամանի Աթենք։ Տանկերի մասին հարցին Պանայոտոպուլոսը պատասխանել է. «Հունաստանը Leopard 2A6-ներ չի ուղարկի Ուկրաինա։ Երկիրն ուղարկել է մի քանի ՀՄՄ և պետք է ուղարկի ևս մի քանիսը։ Հունաստանն ուղարկել է տարբեր տրամաչափի զինամթերք»։ «Եթե մենք ունենանք ավելցուկային կարողություններ, մենք կօգնենք»,- հավելել է նախարարը՝ ասելով, որ Հունաստանը «աջակցում է ցանկացած ռևիզիոնիզմի դեմ պայքարի»։
«Վաղը այստեղ այցով կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարը»,- ասել է Պանայոտոպուլոսը,- «Կարծում եմ, որ կլինեն շատ քննարկումներ, շատ շահարկումներ, շատ վերլուծություններ այն մասին, թե ինչ է նա գալիս խնդրելու, և որ մենք ինքնաթիռներ կտանք, С-300 էլ կտանք, մի բան կտանք, մեկ ուրիշը կտանք, խոսակցություններն անզուսպ կպտտվեն, մեր դիրքորոշումն առաջին իսկ պահից պարզ է ու միանշանակ, տալիս ենք այն, ինչը կարող ենք տալ, մենք ոչինչ չենք տալիս, որը կարող է թեթևացնել մեր սեփական պաշտպանունակությունը՝ հաշվի առնելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, և եթե Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ ավելի լավ է, այնուամենայնիվ, մեր ծրագրերն այս առումով ամրագրված են և չեն փոխվում, այսինքն՝ սրանից ելնելով մենք պատրաստ ենք օգնել, որտեղ և ինչպես կարող ենք, բայց միայն մինչև այս պահը»։
«Նախօրեին ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ կրկնել այս հստակ պայմանները ԱՄՆ Սենատի պատվիրակության առջև, որն այժմ շատ հաճախ է այցելում մեր երկիր»,- ասել է Պանայոտոպուլոսը։