Ողբերգական պատահար Հնդկաստանի տաճարում․ զոհերի թիվը հասել է 35-ի

Հնդկաստանի Մադհյա Պրադեշի նահանգի Ինդոր քաղաքի տաճարում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ողբերգության պատճառ է դարձել ծածկի փլուզումը, որի հետևանքով մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը: Այս մասին հայտնում է  Associated Press գործակալությանը:

 

Էքսկավատորի օգնությամբ քանդվել է տաճարի պատը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս փախչել: Դեպքի վայրում աշխատել է շուրջ 140 փրկարար և զինվորական: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին։

 

AFP գործակալության աղբյուրն իր հերթին հաղորդել է, որ մեկ մարդ համարվում Է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ի կեսօրին (Երևանի ժամանակով 11:00-ին) մոտ, երբ հավատացյալները հավաքվել էին Ինդոր քաղաքի հինդուական տաճարում՝ տոնելու լեգենդար թագավոր Ռամայի հայտնության օրը, որը երկրպագվում  է որպես  Վիշնու աստծո ավատարներից մեկը:

 

Մի քանի մետր լայնությամբ ջրհորի ծածկը չի դիմացել մեծ թվով մարդկանց ծանրությանը, որոնք ընկել են ցած։ Աստիճանավոր ջրհորները տարածված էին Հնդկաստանում և Պակիստանում մինչև 19-րդ դարը և մինչև արդի ջրմուղ համակարգի հայտնվելը:

 

Ներկայում դրանցից շատերը չեն օգտագործվում իրենց ուղղակի նպատակով, այլ ծառայում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր և ճարտարապետական ​​հուշարձաններ:

Քաղաքականություն