
ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը` Արցախի 100-օրյա շրջափակման մասին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Փաստաթղթում ներկայացվում են նաև 24 լուսանկարներ և 27 մարդկային պատմություններ շրջափակման վերաբերյալ, իսկ վերջում՝ 46 օգտակար փաստաթղթեր 2016թ. ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։