
Վրաստանում ակցիաները կշարունակվեն. ակտիվիստների հայտարարությունը

Քաղաքացիական ակտիվիստներն այսօրվա ճեպազրույցում հայտարարել են, որ Ռուսթավելիի պողոտայում երեկոյան նախատեսված ակցիան տեղի կունենա՝ չնայած իշխանությունները որոշեցին հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։
Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունից Ցոտնե Կոբերիձեն ասել է, որ իշխանություններից հստակություն են պահանջում, թե ինչպես են նրանք հետ կանչում օրինագիծը, քանի որ նրանց հայտարարությունն անորոշ է, և երկրորդ պահանջը բերման ենթարկվածներին ազատ արձակելն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից: Այս մասին ասված էր «Վրացական երազանք» կուսակցության և «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման համատեղ հայտարարության մեջ: