ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 


Նշվում է, որ Բաղմանյանը պաշտոնավարման տարիների հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները։ 


«Մասնավորապես՝ 2018 թվականի հայտարարագրում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ»,- նշված է հաղորդագրությունում։ 


Բացի այդ, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, այնուհետև հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով: 
Ըստ դատախազության` 2018 թվականից ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին անցնելուց հետո ևս նա սխալ հայտարարագիր է ներկայացրել, մինչդեռ նրա անունով հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի): 


2018 թվականի ընթացքում նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, 2020 թվականին` շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որոնցում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը։ Բաղմանյանը նաև թաքցրել է իր անունով հաշվառված ավտոմեքենաները։ 


«2021 թվականին մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, նրա բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 


Դատախազի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 6-ին Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը): 
Բաղմանյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:

Քաղաքականություն