Քաշքշուկ` Աղազարյանի և փողոցում առևտուր անող վաճառականի միջև. ոստիկաններն են միջամտել

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն արդեն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում այսօր Տիգրանյան հասցեում կարտոֆիլի առեւտրով զբաղվող մի քաղաքացու հետ ունեցած միջադեպի վերաբերյալ: Գրում է Aravot.am-ը:

 

«Փոխադարձ քաշքշուկ է եղել, ծեծ չի եղել: Առավոտյան գործի գալիս նկատեցի, որ Տիգրանյան փողոցի երթեւեկելի հատվածի վրա կանգնած մեքենան կարտոֆիլ է վաճառում: Կայանեցի մեքենան, մոտեցա մեքենային, մեջը մարդ չգտա, այս ու այն կողմ էի նայում, մեկ էլ մի քաղաքացի մոտեցավ՝ բա ի՞նչ է եղել: Հարցրի՝ ինչո՞ւ եք այստեղ վաճառում, բա թե լավ եմ անում, ձեր ի՞նչ գործն է: Երբ ներկայացա, որ պատգամավոր եմ, ինձ թե բա սենց, սենց, քաշքշուկի ժամանակ մի մեշոկ կարտոֆիլը թափվեց: Վիրավորական խոսքեր, էդքան բան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմել է պատգամավորը:


 Հովիկ Աղազարյանի խոսքով, ինքն արագ զանգահարել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, վերջինս հայտնել է այդ մասին ոստիկաններին: Ոստիկաններն էլ դեպքի վայրում կրքերը հանդարտեցրել ու առեւտրականին հեռացրել են տարածքից: Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ քաղաքացուց ստացած հայհոյանքները եւ վիրավորական խոսքերը հնարավո՞ր է կապված էին իր կուսակցական պատկանելության հետ.

 

 «Չէ, ինքը եւ իր նմանները այն տզրուկներն են, որոնք ծծում են հասարակ ժողովրդի և շարքային քաղաքացու ֆիզիկական արյունը, հոգեբանական արյունը, նյութական արյունը, հանգստի արյունը: Ինքը էդ խավի ներկայացուցիչ է 100 տոկոսով, որովհետեւ ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ երթեւեկելի մասի վրա դնի ու առեւտուր անի: Բնականաբար, շարքային քաղաքացին միգուցե դժվարանա փորձել կարգի հրավիրել, ես՝ ոչ: Օգտվելով իմ պատգամավորական մանդատից՝ փորձեցի կարգի հրավիրել, որ նման բաներ չարվեն: Բայց ագրեսիան կար ու դա պայմանավորված չէր, որ ես ՔՊ –ից եմ, ինքը ինձ նույնիսկ չճանաչեց էլ: Էդ տիպի մարդիկ իրենց արյունով գիտեն՝ ոնց անեն, որ լինեն էդ ամեն ինչի տիրականը եւ այլն»:

Քաղաքականություն