
«TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար». Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ TikTok սոցիալական ցանցը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 1-ին, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
Նա բացատրել է, որ Վաշինգտոնը մտահոգված է, որ այս սոցիալական ցանցի աշխատանքը կապված է «ամերիկացիներից տվյալների հավաքագրման և ազգային անվտանգության համար հնարավոր ռիսկի հետ»: Բացի այդ, Ժան Պիերն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն կոչ է արել Կոնգրեսին արձագանքել այդ սպառնալիքին։ Նա վստահեցրել է, որ չինական սոցիալական ցանցը Սպիտակ տանը չի օգտագործվում։
TikTok կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու հավելվածը հայտնվել է 2018թ.-ին։ Այն պատկանում է չինական ByteDance ընկերությանը։ TikTok-ի գործադիր տնօրենի խոսքով՝ ավելի քան 100 միլիոն ամերիկացիներ սոցցանցի օգտատերեր են։