ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան. մանրամասներ

Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Մասնավորապես նրանք, ովքեր կունենան հաշմանդամության կարգավիճակ, կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ:  Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

 

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ գործատուները փոխհատուցման գումարն ստանալու են ծրագրի ավարտից ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։

Այս առումով Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոխհատուցման ժամկետի ավարտից հետո պետության աջակցությամբ աշխատանքի ընդունված շահառուները դարձյալ գործազուրկ կմնան։

 

«Դուք ասում եք` «աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո 5 օրվա ընթացքում մենք այդ փողը կտանք»։ Դուք այդ մարդուն ասում եք` աշխատանքից ազատի, որ մենք քո փողը տանք։ Տրամաբանությունը ո՞րն է»,– հարցրեց Փաշինյանը։

 

Ըստ Նարեկ Սարգսյանի` խոսքը ոչ թե աշխատանքային հարաբերությունների, այլ ծրագրի ժամկետի ավարտի մասին է։

 

«Ուշադիր կլինեք ձևակերպումներում»,– ասաց վարչապետը։

 

Նշենք, որ ծրագրի շահառուների տարիքային բաժանման համար կառավարությունը հիմք է ընդունել «Ամերիա» և «Սիվիտտա Հայաստան»

Ծրագրից օգտվելու պարտադիր պայմանն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալն է ու վերջին 3 ամսում որևէ վճարվող աշխատանք չունենալը։

 

Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։

 

Ծրագրի հիմնական բաղադրիչն աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի լրիվ կամ մասնակի փոխհատուցումն է գործատուին։

 

Ընդ որում` աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Կառավարության հաստատած նոր կարգն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

 

Կշարունակվի ծրագիրը դրանից հետո ևս, թե ոչ, պարզ կլինի միայն օգոստոսի 1-ից հետո, երբ պատկան կառույցները ծրագրի արդյունքների միջանկյալ գնահատում կանեն։

Քաղաքականություն