ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 35 տարի առաջ այս օրը Ասկերանում հակահարված հասցվեց թշնամուն և դրվեց հետագա հաղթանակների հիմքը

Ասկերանցիներն այսօր միմյանց շնորհավորելու առիթ ունեն. Ասկերանի վերածննդի օրն է: 35 տարի առաջ այս օրը շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված հասցնել թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:
 

Օրվան նվիրված միջոցառումները խոմարհումի արարողությամբ են սկսվել: Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշատախտակին: Լռության րոպեն մշակույթի տան դահլիճում էր:

 

1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշումն ընդունվելուց երկու օր անց՝ ադրբեջանական խառնամբոխը Աղդամից հասավ Ասկերանի մատույցներին: Սա փաստացի առաջին բացահայտ բախումն էր, առաջին քննությունը, որից ասկերանցիները պատվով դուրս եկան: Աղդամից եկած ամբոխը չկարողացավ Ասկերան մտնել:

 

Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի խոսքով՝ առաջին անգամ ղեկավարությունը և ժողովուրդը միասնաբար դուրս եկան և պաշտպանեցին Ասկերանը։

 

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր հայոց պատմության մեջ: Այդ հիշարժան զարգացումներից ասկերանցիներից շատերն իրենց հուշերն ունեն:

 

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը նշում է,- «Պետք է հիշենք, որ այս նպատակի համար բազում ճակատագրեր են խեղվել»։

 

Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի անդամ Ալյոշա Գաբրիելյանը հպարտությամբ է խոսում 35 տարի առաջ կատարվածի մասին. արցախյան շարժումը մաքուր շարժում էր՝ մաքուր մարդկանց գլխավորությամբ: Մեկ գաղափար կար ընդամենը՝ ամեն ինչ անել՝ մայր Հայաստանին միանալու համար: Վստահեցնում է՝ 88-ի կարգախոսն ու պահանջը՝ Միացում-ը, այսօր էլ արդիական է: Նոր մարտահրավերներին ընդառաջ՝ Ասկերանում դարբասն ամուր են պահում, միտքը՝ արթուն:

 

«Արցախի սիրտը, արևելյան այս դարպասը հայոց երկրի միշտ էլ եղել է...»,- ասում է նա։

 

Ասկերանցիները համոզված են. մեր պայքարի ոգին արթուն է, մեր պահանջն արդար է և կհասնենք հաղթանակի՝ մեր միասնականությամբ: 

 

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի Բերդ ժողգործիքների համույթի կատարումներով: