
Թուրքական ավիաուղիները երկրաշարժի գոտուց տարհանել է մոտ 266 հազար մարդու

Թուրքական ավիաուղիները Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի գոտիներից տարհանել է մոտ 266 հազար մարդու, հայտնում է ընկերությունը։
«Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի գոտիներից տարհանվել է 265.754 մարդ: Տարածաշրջան է ուղարկվել 143.740 փրկարար և մարդասիրական անձնակազմ, տեղափոխվել է 10.753 տոննա մարդասիրական բեռ»,- ասվում է հաղորդագրությունում։
Թուրքական ավիաուղիները մինչև մարտի 1-ը երկարաձգում է անվճար տարհանման թռիչքները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ հայտնել է, որ ավելի քան 10 000 սիրիացիներ Թուրքիայից վերադարձել են իրենց հայրենիք երկրաշարժերից հետո, Թուրքիա փախստականների զանգվածային հոսքի մասին պնդումները ճիշտ չեն:
«Այդ պնդումները իրականության հետ կապ չունեն, մենք տեղում ստուգել ենք իրավիճակը, պատասխանատուներից տեղեկություն ենք ստացել, Թուրքիա ոչ ոք չի մտնում, ընդհակառակը, սիրիացի քաղաքացիները Սիրիա են վերադառնում կամավոր հիմունքներով․ նրանք են, ովքեր կորցրել են իրենց ընտանիքը կամ տունը երկրաշարժերի ժամանակ: Երկրաշարժերից հետո 10633 սիրիացի ինքնակամ վերադարձել է»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրքիայի միգրացիոն գործակալությունը հունվարին հայտնել էր, որ Թուրքիայում ապրում է 3,5 միլիոն սիրիացի, իսկ 2022 թվականին գրեթե 59000 մարդ վերադարձել է Սիրիայի անվտանգ տարածքներ։