«Երեւի թե մեզ ուզում են լուծարման հասցնել». Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի իրավաբան

Ինչպես արդեն հաղորդել էինք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Վարդենիսի Ոստիկանական բաժանմունքի դիմաց։ 

 

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը՝ մի շարք չարաշահումների համար։  NEWS.am-ի հետ զրույցում  տուն-ինտերնատի իրավաբան Ստեփան Դավթյանը նշել է, որ  ձերբակալումները եւ մեղադրանքներն ապօրինի են։

 

«Կան մի շարք հակասություններ։ Մենք փաստական տվյալներ ենք պահանջել։ Մեզ հետ զրուցեց Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետի հետը, ըստ էության, հստակ պատասխաններ չտրվեցին, բայց մենք ասացինք՝ եթե մինչեւ վաղն առավոտյան ժամը 10-ը չստանանք մեր հարցերի պատասխանները, ամբողջ կազմով գործադուլ կանենք...Երեւի թե մեզ ուզում են լուծարման հացնել։ Ձերբակալվածը մեր միակ հոգեբույժն է, որի ցուցումով են դեղ ստանում հիմնարկի 450 բուժառուները, այպես երկար շարունակվել չի կարող։ Կարծես պատվեր լինի, ամեն ինչ նախօրոք կազմակերպած»,- ընդգծեց Ստեփան Դավթյանը։

 

Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում զննության ընթացքում պարզվել է, որ բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:

 

Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:

Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:

Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

Քաղաքականություն