Լատվիայում հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաներն անհատույց կհանձնեն Ուկրաինային
Փետրվարի 16-ին Լատվիայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության աջակցության մասին օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետությանը պատկանող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաներն անհատույց հանձնել Ուկրաինային: Այս մասին հայտնում է Европейская правда-ն:
«Ներկայում մենք կարող ենք իրացնել հարբած վարորդներից առգրավված տրանսպորտային միջոցները՝ վաճառելով դրանք, տալով վերամշակման կամ վերածելով պահեստամասերի, սակայն մենք տեսնում ենք, որ ներկա պայմաններում դրանք օգտակար աջակցություն կլինեն Ուկրաինայի ժողովրդի համար», - մեջբերում է Delfi լրատվական հարթակը Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսի խոսքը:
Տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը նախատեսվում է կազմակերպել մի կազմակերպության միջոցով, որը համագործակցում է Ուկրաինայի կառավարության հետ և ստացել է օգնության կոնկրետ հայտեր։