Իսրայելը ներգրավված է Սպահանում զինապահեստի վրա հարձակման մեջ. The Wall Street Journal
Իսրայելը ներգրավված է եղել իրանական Սպահանում զինամթերքի պահեստի վրա հարձակման մեջ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ պահեստը խոցվել է իսրայելական անօդաչու թռչող սարքով։ Դա արվել է Թեհրանի միջուկային հավակնությունները խափանելու ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմավարության ֆոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում ռազմական պահեստի վրա անօդաչու թռչող սարքեր են հարվածել։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Անօդաչուներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։
Պայթյուններ են տեղի ունեցել նաև Համադան և Քերեջ քաղաքների ռազմական գործարաններում։ Ենթադրվում է, որ այդ ձեռնարկություններում մարտական անօդաչու սարքեր են հավաքվում։ Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Սպահանի Իմամ Խոմեյնի փողոցում պայթյուն էր որոտացել։