«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հայտնել է, որ հայկական կողմը պնդել է Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու հանգամանքը, որը որոշակիորեն փոխըմբռնում է գտել ԵԽԽՎ-ում, և որին ընդդիմացել են ադրբեջանցի պատվիրակները։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկման հարցում ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին, Ռուբինյանը նշեց, որ Հայաստանն ունի անվտանգային խնդիրներ, որոնք լուծում է իրեն հասու մեթոդներով։ «Այդ հարցում պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ։ Դա չենք անում ի հեճուկս որևէ մեկի»,-նշեց նա։ Ըստ նրա, տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ, իսկ ՀԱՊԿ-ը ֆիքսեր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակման հանգամանքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ: Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: