Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:
Այսօր տոնում ենք իրապես ժողովրդական մի տոն, որի հիմքում Հայրենիքի, ազգի արժանապատվության համար դաժան կռիվներ մղած ու հաղթած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անձնվիրությունն է, զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքն ու հասարակության և բանակի միասնությունը:
Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ:
1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Auroranews-ը շնորհավորելով Հայոց բանակի տոնի առթիվ, նախ և առաջ մաղթում է, որ լինի խաղաղություն: Մաղթում ենք բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ծնողներին և մենք էլ, սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:
Մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը:
Ապրե՛ք, որ դուք կաք:
Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ…