Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Պաղեստինի օբյեկտներին
Իսրայելն ուրբաթ օրը ավիահարված է հասցրել Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի զինյալների ուսումնական կենտրոններին, հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի և Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների միջոցով, հնարավոր զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն ստացվել։
Հարձակումը պատասխան էր ՀԱՄԱՍ-ի` Իսրայելի տարածքի հրթիռակոծմանը: Երեք հրթիռ է խոցվել, մեկն ընկել է ամայի տարածք։
Հրթիռներն արձակվել են Ջենին փախստականների ճամբարի տարածքում իսրայելական բանակի գործողությունից հետո, որի ընթացքում առնվազն ինը պաղեստինցի է զոհվել։
Հինգշաբթի առավոտյան իսրայելական զգալի թվով զինվորականներ մտել են Ջենին և մոտակայքում գտնվող փախստականների ճամբար, հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նրանք կրակ են բացել երիտասարդ պաղեստինցիների վրա, ովքեր փորձել են փակել Իսրայելի անվտանգության ուժերի ճանապարհը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտել են ճամբար՝ «այնտեղ տեղակայված ահաբեկիչներին վնասազերծելու» գործողություն իրականացնելու նպատակով։