Հազի օշարակների պատճառով երեխաների մահվան դեպքեր են գրանցվել. ԱՀԿ-ն զգուշացնում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել «անհապաղ և համաձայնեցված գործողություններ» ձեռնարկել երեխաներին վնասակար դեղամիջոցներից պաշտպանելու համար: Մի շարք երկրներում հազի օշարակների պատճառով  երեխաների մահվան դեպքեր են գրանցվել, որին հաջորդել է ԱՀԿ-ի այս հայտարարությունը: 

 

 The Guardian-ը գրում է որ ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022 թ.-ին Գամբիայում, Ինդոնեզիայում և Ուզբեկստանում ավելի քան 300 երեխա (հիմնականում մինչև 5 տարեկան) մահացել է երիկամների սուր վնասումից, որն առաջացել է վնասակար նյութեր պարունակող դեղամիջոցների ընդունումից:

 

Նշվում է, որ երեխաներն ընդունել են առանց դեղատոմսի վաճառվող հազի օշարակներ, որոնց մեջ եղել է մեծ քանակությամբ դիէթիլենգլիկոլ և էթիլենգլիկոլ:

 

«Այս նյութերը թունավոր քիմիկատներ են, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական լուծիչներ և հակասառեցնող նյութեր, որոնք կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ օգտագործման դեպքում, և երբեք չպետք է լինեն դեղամիջոցներում», - հաղորդել է ԱՀԿ-ն:

 

ԱՀԿ-ն իր բոլոր 194 անդամ երկրներին կոչ է արել գործողություններ ձեռնարկել՝ մահվան հետագա դեպքերը կանխելու համար: Կազմակերպությունը որոշակի դեղամիջոցների հետ կապված ահազանգեր է ուղարկել և խնդրել է հեռացնել դրանք դեղատներից:

 Օշարակներն արտադրած ընկերություններից են հնդկական Maiden Pharmaceuticals-ը և Marion Biotech-ը, որոնք կապված են  Գամբիայում և Ուզբեկստանում երեխաների մահվան դեպքերի հետ: 

Քաղաքականություն

Պատահարներ