Առաքել Մովսիսյանի կինը Հայաստանից բացակայող հորն աշխատավարձ է վճարել. դատախազություն

Արմավիրի մարզի Այգեկի մանկապարտեզի տնօրենը նույն կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող իր հորը, որը Հայաստանում չի եղել, վճարել է զգալի չափերով գումար։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

 

Նշենք, որ խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) կնոջ` Նելլի Մովսիսյանի մասին է։

«Տնօրեն Ն.Մ.-ի հոր՝ օժանդակ բանվոր Ս.Զ.-ի կողմից, 2016-ի հոկտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում հաշվարկվել և ՀՈԱԿ-ի դրամական միջոցներից Ս.Զ.-ին է վճարվել զգալի չափերով գումար»,–ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հաստատվել են տնօրեն Ն.Մ.-ի կողմից նույն կազմակերպության հաշվապահ Հ.Ա.-ի և բանվոր Ս.Զ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում ու Ն.Մ.-ի և Հ.Ա.-ի կողմից խմբի կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները:

 

Որոշում է կայացվել մանկապարտեզի տնօրենի, հաշվապահի ու բանվորի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Վերջիններս հատուցել են պետությանը պատճառված վնասը:

Քաղաքականություն