Սուրեն Պապիկյանն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ողբերգական դեպքի վայր
Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել է 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց, ծառայակից ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին կորստյան ծանր վիշտը կիսելու, ցավակցության խոսք հղելուց հետո, պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին:
Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի՝ ողբերգական դեպքի վայր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին պաշտպանության նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար։
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
[b5537f07349510f04dd35ef1123a6bc5.jpg]
[bad5ae9519771b9886fd66c42d35ac88.jpg]
[790a482f147f3b3ab70396ee4bdfa1da.jpg]
[90aa1820fbf11388b185d0e346d9e9ab.jpg]
[de453aa3b8b16e69bf42a31c0e872b9d.jpg]
[192fe9f68baef2e66e285a5f842fa8e4.jpg]
[3db5ff9bdcb4892623ccb993559bfdc6.jpg]
[50e87e49a24b425f582f63e5d45f947c.jpg]