Սևանա լճից դուրս են բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց
Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:
Տեղեկացնենք նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։